Կանադայի ԱԳ նախարար․ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է![]() 25 հոկտեմբերի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Այցով Երևանում գտնվող Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, հայտնում է «Ազատությունը»։ Լրագրողի հարցը՝ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը: «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք», - նշել է Ժոլին: Մելանի Ժոլին նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, գրում է Sputnik Արմենիան։ Կանադայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները որևէ կերպ արդարացված չեն։ Նրա խոսքով՝ Օտտավան շարունակում է աշխատել երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության։ ԱԳ նախարարը հավելել է, որ Կանադան կավելացնի Լեռնային Ղարաբաղի հայերի համար մարդասիրական օգնության ծավալը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |