Արշակյան. ՀՀ–ն իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի և հավատարիմ է խաղաղության օրակարգին

Արշակյան. ՀՀ–ն իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի և հավատարիմ է խաղաղության օրակարգին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի և հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ հարաբերությունների հաստատումն է:

Նա ներկայացնել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ նշելով, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` խախտելով միջազգային իրավունքն ու 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել էր, հայտնում է Արմենպրեսը։

«Այդ ռազմական հարձակումը ցույց տվեց, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ավարտին հասցնելն էր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմի մեջ ներքաշելը: Ագրեսիայի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, այդ թվում` քաղաքացիական բնակչություն, կանայք և երեխաներ: Ավելի քան հարյուր հազար մարդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեց Հայաստան:

Ցավալի է, անչափ ցավալի, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումներին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, առանձին երկրների բանաձևերին, գործադիր մարմինների, միջազգային հանրության կոչերին, մենք բոլորս անկարող եղանք կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները:

Հարձակումը հաջորդեց ավելի քան ինն ամիս տևած Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն էր: Շրջափակումն ազդում էր էլեկտրականության, գազի, սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումների, հրատապ բուժօգնության վրա: Արդարադատության միջազգային դատարանը երկու որոշում ընդունեց շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանն այդ որոշումներն այդպես էլ չկատարեց: Սա էթնիկ զտումների նախերգանքն էր, որն իր նպատակին հասավ հաջորդած օրերին:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն ամեն ինչ արեցին, որպեսզի ընդունեն ու կացարանով ապահովեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100,000 հայերին: Մենք կարողացանք նրանց ընդունել հայ ժողովրդի և ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, քանզի մարդիկ երբեմն չէին էլ սպասում, թե Կառավարությունն ինչ կանի: Նրանք իրենց բռնահանված հայրենակիցներին ապահովում էին անհրաժեշտ պարագաներով ու ժամանակավոր կացարանով: Ժողովրդավարությամբ, քանզի դրա և բաց տնտեսության ու չկոռումպացված կառավարության շնորհիվ մենք ունեցանք բավարար տնտեսական աճ` որպեսզի աջակցենք ԼՂ 100,000 բնակիչներին:

Մենք երախտապարտ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք արդեն իսկ արել կամ շարունակում են հատկացումներ կատարել, որոնք նպատակ ունեն հաղթահարել ԼՂ հայերի բռնի տեղահանության պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամը»,–ասել է նա։ :

Արշակյանը հավելել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կմ տարածք դեռևս շարունակում է գրավված մնալ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային և այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության և օրենսդրության վրա:

«Դա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա` արևելքից արևմուտք, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հյուսիսից մինչև հարավ, Պարսից ծոցից մինչև Սև ծով: Այդ նախագիծը մենք կոչում ենք «Խաղաղության խաչմերուկ»:

Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների, փոխադրամիջոցների, մարդկանց, խողովակաշարերի և հոսանքագծերի անվտանգությունն իր տարածքում, քանզի «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է նաև խողովակաշարերի ու հոսանքագծերի անցում: Մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում մասնակցել այս մեծամասշտաբ նախագծին:

Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Մենք հանձնառու ենք խաղաղության ուղուն` հասնելու համար կայուն և հարատև խաղաղության: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության հարցում և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,–ասել է Ազգային ժողովի փոխնախագահը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---