Մարզպետը՝ Ջերմուկի մասին․ Ադրբեջանական զորքերը ոչ առաջ են եկել, ոչ հետ գնացել

Մարզպետը՝ Ջերմուկի մասին․ Ադրբեջանական զորքերը ոչ առաջ են եկել, ոչ հետ գնացել

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզում, մասնավորապես` Ջերմուկի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։

«Մարզում որևէ փոփոխություն չկա, վիճակը հանգիստ է։ Ադրբեջանական զորքերը որտեղ տեղակայված էին, այնտեղ էլ մնում են, ոչ առաջ են եկել, ոչ էլ հետ են գնացել»,– ասել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեր մարզում հակառակորդի կողմից նոր դիրքեր գրավելու վերաբերյալ որևէ դեպք չկա։ Վայոց Ձորում բացի Ջերմուկից, այլ բնակավայրում պատերազմական գործողություններ չեն եղել։ Տեղեկությունները, թե Մարտիրոս գյուղում դիրքային փոփոխություններ են եղել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նման բան կա, թող ապացույցներով ու փաստերով ասեն, ցույց տան»,– ասել է Գրիգորյանը։

Ըստ մարզպետի դժվար է ասել, թե ինչ տարբերակով հակառակորդը դուրս կգա Վայոց Ձորի մարզի տարածքներից խաղաղ ճանապարհով, թե այլ...

«Երևի ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան։ Գուցե հնարավոր լինի համաձայնագրով պայմանավորվել. պարտադիր չէ, որ պատերազմ լինի»,– ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին արդյոք մարզից բնակիչներն արտագաղթում են, Գրիգորյանը շեշտել է եթե լիներ, ապա առաջինն ինքը կիմանար, բայց նմանատիպ ինֆորմացիա ինքը չունի։

«Մարզից ծավալային արտագաղթ կամ արտահոսք չկա, իսկ տեղաշարժ կա, որովհետև իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքից կարող են բոլորն էլ օգտվել։ Անհանգստացնող ոչինչ չկա։ Մեզ մոտ տուրիստական ոլորտն է լուրջ տուժել, դանդաղ վերականգնվում է, մենք այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացնում։ Դրանք կարծես թե արդյունք տալիս են։ Շատ տնտեսվարողներ արդեն հնարավորություն ունեն փակել իրենց ծախսերն ու եկամուտներ ստանալ»,– վստահեցրել է մարզպետը։

Ինչ վերաբերում է Ջերմուկի ճոպանուղուն, նա շեշտել է, որ այն այս պահին չի գործում, որովհետև վերականգնողական աշխատանքներ են տարվում։

Այն հարցին, թե արդյոք նկատի ունի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գրաված դիրքերն ու տարածքները, մարզպետը դրական պատասխան է տվել։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են վարել հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց։

Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։

 Ուշագրավ
---