Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

PanARMENIAN.Net - Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ( ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը, գրում է «Ազատությունը»։

«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի ապօրինի պահվող Արցախի բոլոր պաշտոնյաներին, ռազմագերիներին և այլ կալանավորներին՝ ոչ թե փոխանակման եղանակով, որպես Բաքվի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ ավելի շուտ՝ միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան», - մասնավորապես, ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---