ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով

ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում պետական բյուջեի եկամուտները 2023թ․ 9 ամսվա արդյունքում կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13.8 տոկոսով: Այդ մասին Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանն ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2023-ի պետբյուջեի ինն ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Փոխնախարարն ընդգծել է, որ 2023թ. 9 ամսվա պետբյուջեի հարկային եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպով՝ պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով, հայտնում է Արմենպրեսը։

«Պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են: Եկամուտները 2023թ 9 ամիսների համար կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13.8 տոկոսով: Ծախսերն 9 ամիսների համար կազմել են փաստացի 1 տրլն 633 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.7 տոկոսով, իսկ կատարողականը կազմել է 84.6 տոկոս»,-ասել է Սիրունյանը:

Ըստ նրա՝ հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 248.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

2023-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ հասնելով 5․3 տոկոսի՝ համեմատ օգոստոսի 10․9 տոկոսի։ Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում նշվում է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում երկրի Համախառն ներքին արդյունքի ծավալը: Այն կազմել է 2․58 տրլն դրամ, իսկ աճը տոկոսային արտահայտմամբ կազմել է 7․4%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---