«Հետք»․ Fly Arna-ի 2 ինքնաթիռից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան![]() 4 դեկտեմբերի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայկական Fly Arna ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) կողմից շահագործվող 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը նոյեմբերի վերջին դուրս է բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից Հնդկաստան, հայտնում է «Հետքը»։ 2021-ի դեկտեմբերին ՀՀ պետական գրանցում ստացած «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը հայ-արաբական գործակցության արդյունք է, թռիչքներ իրականացնում է 2022-ի հուլիսից «Ֆլայ Արնա» ապրանքանիշի ներքո: Նշվում է, որ մինչև վերջերս՝ նոյեմբերի 24-ը, ավիաընկերության շարժակազմում կար 2 հատ «Airbus A320» (հայկական գրանցումները՝ EK-YRB և EK-YRC): Սրանցից EK-YRB-ն ընկերության ավիապարկը համալրել է և հայկական գրանցում է ստացել 2022 թ. սեպտեմբերին, իսկ EK-YRC-ն՝ նույն տարվա դեկտեմբերին: Երկուսի գրանցումներն էլ վավեր էին 5-ական տարով՝ մինչև 2027 թ.: Նկատենք, որ 2022 թ. մայիս-դեկտեմբերին էլ հայկական փոխադրողը շահագործում էր EK-YRA գրանցումով ևս մեկ «A320»: Նշվում է նաև, որ նոյեմբերի 24-ին, երբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ներկայացրեց օդանավերի հայկական ռեգիստրում գրանցված բորտերի ցուցակը, պարզ դարձավ, որ EK-YRC-ն ապագրանցվել է Հայաստանի ռեգիստրից, այսինքն՝ ներկայում ընկերության շարժակազմում մնացել է միայն EK-YRB-ն, որը շարունակում է չվերթերը: Իսկ ահա EK-YRC-ն, ինչպես տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետևող կայքերից, դեռ նոյեմբերի 9-ին էր Երևանից մեկնել Շարժա: «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49 %-ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund), ևս 49 %-ի տիրապետում է ԱՄԷ Շարժա քաղաքում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությունը, չնայած փաստաթղթերով վերջինիս բաժնեմասի սեփականատեր է գրանցված Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունը, որը, ըստ էության, «Air Arabia»-ի խմբի կազմակերպություններից է: Մնացած 2 %-ի սեփականատերը լիբանանահայ գործարար, ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն է: «Այլ կերպ ասած՝ պատահական չէ, որ արդեն նախկին EK-YRC-ն նոյեմբերի սկզբին Երևանից մեկնել է հենց Շարժա: Ավիացիոն տեղեկատուների համաձայն՝ 2007 թ. թողարկված այս օդանավը, որը մինչև Հայաստան բերվելը շահագործվել էր Իսպանիայում, ԱՄԷ-ում ու Եգիպտոսում, կրկին գրանցվել է ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կազմում (A6-AQH): Մինչև դեկտեմբերի 2-ը օդանավը գտնվում էր Շարժայում, իսկ ամսի 2-ին թռել է Հնդկաստանի Բանգալոր քաղաք: Նույն օրն ինքնաթիռը հասցրել են լուսանկարել Բանգալորի օդանավակայանում: Լուսանկարում կարելի է տեսնել, որ դրա վրայից մաքրվել են «Fly Arna» և «Armenian national airlines» գրությունները, սակայն հայկական փոխադրողի գույներն ու լոգոն դեռ պահպանվում են: Բանգալոր ժամանելուց շատ չանցած՝ նույն օրը, A6-AQH-ը թռել է հնդկական Հոսուր քաղաքի աերոդրոմ: Ըստ planespotters.net-ի՝ այստեղ ինքնաթիռի վրա պետք է տեխնիկական աշխատանքներ կատարվեն»,–ասվում է հրապարակման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |