Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից

Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից

PanARMENIAN.Net - Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։ Այդ մասին ասվել է Թեհրանում կայացած ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայինի հանդիպմանը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ասել է «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ ասել էր, որ Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ Նա նաև նշել է, որ հավատում է եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---