Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական գործակցության հարցեր։

Միրզոյանը Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։

Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
---