Մոտ 150 միջազգային գործիչ պահանջում է ազատ արձակել Բաքվում կալանքի տակ պահվող հայ քաղգործիչներին

Մոտ 150 միջազգային գործիչ պահանջում է ազատ արձակել Բաքվում կալանքի տակ պահվող հայ քաղգործիչներին

PanARMENIAN.Net - Ավելի քան 150 միջազգային հումանիտար և քաղաքական գործիչ, գործարար պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայ բանտարկյալներին։ Այդ մասին նրանք հանդես են եկել բաց նամակով, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրանք կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել նշված ապօրինի ձերբակալված բոլոր անձանց։

Բաց նամակը, մասնավորապես, ստորագրել են Իռլանդիայի եւ Կոստա Ռիկայի նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը եւ Էռնեստո Զեդիլյոն, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին եւ Օսկար Արիասը, Էլի Վիզել հումանիտար գիտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Էլիշա Վեսելը, Virgin ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Բրենսոնը, Salesforce ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, The Huffington Post-ի հիմնադիր Արիաննա Հաֆինգթոնը և այլոք։

«9 ամիս տևած անօրինական շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսեց արյունոտ ռազմական գործողություն ու ներխուժեց Լեռնային Ղարաբաղ (Արցախ)։ Որպես հետևանք հարյուրավոր անձինք սպանվեցին, կան հազարավոր վիրավորներ և շուրջ 120.000 բռնի տեղահանված, Արցախի գրեթե ամբողջ հայազգի բնակչությունը», - նշվում է բաց նամակում՝ արձանագրելով,որ տեղի ունեցածն էթնիկ զտում է։

Ավելին՝ նշվում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կատարվածը գնահատել են որպես ցեղասպանություն։

«Հայտնի հայ բարերար և մարդասիրական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապօրինի բերման է ենթարկվել, երբ այլ քաղաքացիների հետ միասին ուղեւորվել է Հայաստան։ Նրա ձերբակալությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ Արցախին միջազգային աջակցություն ներգրավելու ջանքերի պատճառով է Վարդանյանը դարձել թիրախ՝ Բաքվի կառավարության համար։ Ռուբեն Վարդանյանն Արցախի Հանրապետության այն բնակիչներից է, որն արգելանքի է վերցվել վերջերս՝ առանց բավարար հիմքերի, միայն քաղաքական դրդապատճառներով և ապօրինի կալանավորվել։ Նրանց թվում են նաեւ՝ հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Շատ այլ հայեր դեռ ապօրինի են պահվում։ Այս մարդկանց առողջության և ինքնազգացողության մասին առկա ծայրահեղ սահմանափակ տեղեկատվությունը տագնապալի է։

Նրանք բոլորը կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներառյալ ՄԱԿ-ի կոնվենցիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի, որին միացել է նաև Ադրբեջանը։

Նրանց կյանքի համար կարեւոր է ամեն օրը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատ արձակելու պայմանը»։ »,–ասվում է նամակում։

Նամակը եւ ստորագրողների ամբողջական ցուցակը հասանելի են www.FreeArmenianPrisoners.com կայքում և բաց է միանալու համար։

 Ուշագրավ
---