Մետրոյի համար 15 նոր շարժակազմ ձեռք կբերվի

Մետրոյի համար 15 նոր շարժակազմ ձեռք կբերվի

PanARMENIAN.Net - 2024 թվականին Մետրոպոլիտենի համար նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ։ Այդ մասին ասել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, հայտնում է Արմենպրեսը:

Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ նա նշել է, որ առաջիկա տարվա ամենակարևոր անելիքներից մեկը Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մրցույթի մեկնարկն է: Նա նշել է նաև, որ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը կունենա նոր լուսավորություն։

Խոսելով միասնական վճարային համակարգից ՝ Սեդրակյանն ընդգծել է, որ համակարգի ներդրումը փուլ առ փուլ առաջ է գնում: Մետրոպոլիտենն այս տարի նախատեսում է քաղաքի կենտրոն տանող կայարանների մոտ ստեղծել ավտոկայանատեղիներ:

Նա նշել է, որ 2023 թվականը մետրոպոլիտենի համար բավականին հաջող տարի է եղել:

«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ մոտ 1 մլրդ․41 մլն․ դրամի հաշվին ձեռք է բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և 4300 մետր ռելս»,- ասել է նա:

Սեդրակյանը նշել է, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա մոտավորապես 32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:

Հունվարի 15-ին գիծ դուրս կգա 3 վագոնով ևս մեկ շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը:

2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---