Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նոր զարգացումներին համահունչ

Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նոր զարգացումներին համահունչ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ: Հիմնական օրակարգում Խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր` սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ:

Խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, Խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը:

Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Փետրվարի 1–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով անվտանգային հարցերի և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի:

 Ուշագրավ
---