ՀՀ-ում քաղցկեղից մահացությունը միայն 2023–ի տվյալներով նվազել է 3-4%-ով, իսկ 4 տարվա կտրվածքով՝ 6․4%-ով

ՀՀ-ում քաղցկեղից մահացությունը միայն 2023–ի տվյալներով նվազել է 3-4%-ով, իսկ 4 տարվա կտրվածքով՝ 6․4%-ով

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են մի շարք հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարում։

«Տարեցտարի մեր երկրում գրանցվում է առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ։ Միաժամանակ, միայն անցյալ տարվա տվյալներով մահացությունը պակասել է մոտ 3-4 տոկոսով»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշներն, իհարկե, հուսադրող են, բայց դրանով չպետք է բավարարվել։ Ցուցանիշների բարելավման համար նախարարը կարևորել է պետության հոգածությունը, պետպատվերի մեծացումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում՝ արհեստական բանականությունը, մասնագետների գիտելիքի շարունակական զարգացումը։

Նա կարծիք է հայտնել, որ հարցի համալիր լուծումներից մեկը դառնալու է առողջության համապարփակ ապահովագրությունը։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով՝ վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը նվազել է 6․4 տոկոսով։ Ըստ նրա՝ նման ցուցանիշի հնարավոր է եղել հասնել տարբեր օղակների համակարգված, տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Նշվել է, որ առաջին հերթին սա ուռուցքաբանների հաղթանակն է, ովքեր ամեն օր պայքարում են այս հիվանդության դեմ, աշխարհի լավագույն փորձը յուրացնում և մեզ մոտ էլ կիրառում։ Երկրորդ օղակը, ըստ Մանուկյանի, կառավարությունն է՝ ի դեմս առողջապահության նախարարության։

Նշվել է, որ 2018թ. պետպատվերի շրջանակում սկսեցին իրականացվել հաստատում ունեցող չարորակ ուռուցքների վիրահատությունները, իսկ ճառագայթային ու դեղորայքային բուժումը (ոչ ամբողջ ծավալով) անվճար է, ինչը թույլ տվեց քաղաքացիներին կարիքի դեպքում ավելի հաճախ դիմել բուժօգնության։

Նարեկ Մանուկյանն իր խոսքում հատուկ շեշտել է ծխելու դեմ պայքարը՝ նաև քաղցկեղի դեմ պայքարի համատեքստում։

Քաղցկեղի դեմ պայքարում արդեն չորրորդ անգամ են մեկ հարկի տակ միավորվում ուռուցքաբանները, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետները։ Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։ Այս անգամ կոնգրեսը հյուրընկալել է 50 զեկուցողներ, ավելի քան 300 պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Վրաստանից, Կատարից, Ուկրաինայից և Իրանից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---