ՀՀ նախագահը և ֆրանսիացի մտավորականներն անդրադարձել են ԼՂ–ում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգին![]() 19 մարտի 2024 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդունելով ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին, ասել է, որ Հայաստանում բարձր են գնահատում նրանց գործունեությունը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար: Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |