Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել

Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն մարտի 28–ին Երևանում երկու հանձնաժողովների միջև համագործակցության համատեղ հայտարարություն (կոմյունիկե) են ստորագրել: Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը և համագործակցելու նոր հնարավորություններ կընձեռի

Հանդիպմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը և Կնյազ Հասանովը:

Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում:

Կողմերը երկու երկրների գործադիր մարմինների միջև շփումներից բացի կարևորել են օրենսդիրների միջև սերտ համագործակցությունը, որը երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես` երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների միջև փոխգործակցության սերտացումը: Այս համատեքստում կարևորվել է կրթական բարեփոխումների հարցում լավագույն փորձի փոխանակումը, պատգամավորների մշտական շփումները, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը:

Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հանրակրթության, բարձրագույն և մասնագիտական կրթության ու գիտության ոլորտներում, երիտասարդության և դպրոցաշինության հարցերում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Վրացի գործընկերներին ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Քննարկվել են նաև ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացների շրջանակում երկու երկրներում իրականացվող քայլերը:

Երևանի պետական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---