ԱԳ նախարար. ՀՀ օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այսօր չկա

ԱԳ նախարար. ՀՀ օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այսօր չկա

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արգենտինյան Todos Noticias հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։

«Մենք արդեն իսկ գործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ՝ մասնակցում ենք խաղաղապահ գործողություններն Աֆղանստանում, ավելացրել ենք մեր ներկայությունը Կոսովոյում։ Դա գործակցության ձևաչափ է։ Եթե նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ մտադրությունը, ապա ոչ, Հայաստանի օրակարգում այսօր նման հարց չկա»,–ասել է նա։

Միրզոյանը, անդրադառնալով ԵՄ-ի հետ փոխգործակցությանը, ասել է, որ հայերը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։

«Ես կցանկանայի մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանում։ Նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրոպական Միությանը, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի»,–ասել է նա։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:

 Ուշագրավ
---