Մայր Աթոռի կոչը ՀՀ իշխանություններին՝ ընթացք չտալ այնպիսի լուծումների, որոնք անվտանգային նոր մարտահրավերներ կստեղծեն![]() 9 ապրիլի 2024 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարություն են տարածել Տավուշի մարզից տարածքներ հանձնելու հարցի վերաբերյալ՝ նշելով, որ պարտվողական այս մոտեցմամբ, ըստ էության, լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Հայտարարությամբ ՀՀ իշխանություններին կոչ է արվում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ «Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները: Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում: Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին այդ թվում և պետական պաշտոնատար անձանց համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից»,–ասվում է հայտարարության մեջ։ Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ «Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |