ԿԳՄՍ նախարար․ Դպրոցներից տարհանման կարիք չկա

ԿԳՄՍ նախարար․ Դպրոցներից տարհանման կարիք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Երևանի դպրոցներում սպասվող ահաբեկչության մասին կեղծ լուրերին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում։ Նա հավելել է, որ ծնողներն ու դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն և որ դպրոցներում տարհանման կարիք չկա:

«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամի» ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է։ Իրավիճակն այդ մասով գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության և ուշադրության ներքո: Այդ առումով անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում», ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նաև հավելել է, որ մեդիա դաշտի փորձագետները տարածել են պարզ կանոններ, թե ինչպես կարելի է համոզվել տարածվող տեղեկատվության կեղծ լինելու հարցում, օրինակ՝ տարածվող լուսանկարները կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվությունը:

«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է և այստեղ մեդիագրագիտության դերը շատ կարևոր է։

Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն, սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,–ասել է Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ։

«Միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն: Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում։ Կարծում եմ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն»,–ասել է նա:

Ավելի վաղ համացանցում, հիմնականում Տելեգրամ ալիքներով, լուր էր տարածվում, ըստ որի երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։ԿԳՄՍ նախարարությունը նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին հայտնել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել այն։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս ամենի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն ենկանգնած, որոնք զբաղվում են հիբրիդային, հոգեբանական հարձակումներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---