ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ

ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է Ավստրիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Հոնդուրասի, Լիխտենշտեյնի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ եզրակացությունները։ Արդյունքները պարունակում են Հանձնաժողովի հիմնական մտահոգություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր երկրի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի վերաբերյալ:

Ադրբեջանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ Հանձնաժողովն անհանգստացած է զինված հակամարտությունների և «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ, ինչպես նաև այս մեղադրանքների վերաբերյալ հետաքննության և հետապնդումների բացակայության պատճառով, հայտնում է Factor.am-ը։

Նաև մտահոգություն է արտահայտվում ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար «էթնիկ կամ ծագումով հայ 23 անձի շարունակական կալանավորման առնչությամբ»:

«Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ցանկացած խախտում անընդունելի է։ Այն նաև կոչ է անում անկախ, անկողմնակալ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել լուրջ խախտումների մասին պնդումների վերաբերյալ և կոչ է արել մասնակից պետությանը՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Հանձնաժողովը նաև մտահոգված է այն պնդումներով, որ Ադրբեջանում իրավապաշտպաններն ու լրագրողները շարունակում են ենթարկվել ֆիզիկական և դատական հետապնդումների, իսկ որոշ դեպքերում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, անհանգստացած է երկրում կրճատվող քաղհասարակության տարածքով՝ հիշեցնելով, որ ազատ և կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համար:

Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների համար աշխատանքային բարենպաստ միջավայր՝ զերծ սպառնալիքներից, հաշվեհարդարից, բռնությունից և ոտնձգությունների այլ ձևերից:

Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել ՄԱԿ-ի Հանձնաժողովի այս հայտարարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---