Սահակաշվիլիի բանակցությունները վրաց ընդդիմության հետ անարդյունք են ավարտվել

PanARMENIAN.Net - Երկուշաբթի անարդյունք են ավարտվել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի երկժամյա բանակցություններն ընդդիմության հետ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ընդդիմադիր առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն:



«Նա գտնում է, որ երկրում ամեն ինչ լավ է, մեր կարծիքն այլ է»,-նշել է Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, այժմ ընդդիմությունից հանդիպման մասնակիցները գնում են խորհրդակցելու մյուս ընդդիմադիր առաջնորդների հետ: Այդ խորհրդակցության արդյունքները կհրապարակվեն խորհրդարանի առջեւ կայանալիք հանրահավաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



Ապրիլի 9-ից վրաց ընդդիմությունը կազմակերպված բողոքի ցույցեր է անցկացնում երկրի նախագահի հրաժարականի պահանջով: Ըստ ապրիլի վերջին ստացած տեղեկությունների, ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 1 մլն մարդ: Բախումներ են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:



Մայիսի 8-ին հաղորդվել է, որ իշխանություննների ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել ընդդիմության հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Մինչդեռ ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել ոչ թե խորհրդարանի խոսնակի, այլ նախագահի հետ:



Մայիսի 10-ին Սահակաշվիլին հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման օրն ու ժամը: Նա եւ իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ պատրաստ են քննարկել ծանր կացությունից դուրս գալու ուղիները, այլ «ոչ թե նախագահի հրաժարականի հարցը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---