Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին

Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ իր զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ՝ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել վերջինիս:

Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահը կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և, հատկապես, կարևորել ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապակենտրոնացված համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

«Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ ունենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
---