ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել

ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել:

Նիստը կայանալու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն:

Նիստի օրակարգում էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն նիստին չի մասնակցելու՝ նշելով, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցներին կոչ էր արել նիստի ժամին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---