Աբրահամյան․ ԱԳՆ հայտարարությունը լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից

Աբրահամյան․ ԱԳՆ հայտարարությունը լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ «ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում մտահոգիչ է և անհանգստացնող։

«ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Այսինքն` փաշինյանական իրականությունում ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումներով, անվտանգության նկատառումներով ծառեր տնկելով, բանակային կորպուսները հետ քաշելով և սահմանապահներ տեղակայելո՞վ:

Բա սահմանամերձ բնակավայրերով շրջում եք ու մարդկանց համոզում (իրականում` ստում), որ իրենց հիմնական խնդիրը տանիքի, անասունի կամ գյուղական նշանակության ինչ-որ կառույցի հարցն է:

Շատերն էլ հավատալով այդ վարդագույն իրականությանը ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Նշվում է, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Նշվում է նաև, որ Բաքվի արձագանքը ՀՀ–Ֆրանսիա գործակցությանը հիմնավորում է այն վերլուծությունները, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի COP29-ից հետո ՀՀ դեմ նոր ագրեսիա սկսելու համար։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---