Արսենյան․ Հույս ունեմ փոխել Հայաստան-ՌԴ հարաբերությունների ալգորիթմը

Արսենյան․ Հույս ունեմ փոխել Հայաստան-ՌԴ հարաբերությունների ալգորիթմը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը սեպտեմբերին, հավանաբար, կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի փոխել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հույս ունեմ մեղմելու երկու երկրի միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել երկրների հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը»,-ասել է նա։

Արսենյանն ընդգծել է, որ խորհրդարանում արձակուրդների այս ընթացքն օգտագործում է նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ նյութերին ծանոթանալու համար։

Պատգամավորը նաև պատասխանել է այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ինչ որ փուլում նաև միջազգային հանրությունը կարող է նման պահանջ ներկայացնել մեզ։

Նա ասել է, որ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այս պահին պարտավոր է դրսևորել դիվանագիտական զսպվածություն։

Հուլիսի 5–ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով ՌԴ–ում ՀՀ դեսպանի ակնկալվող փոփոխությանը, ասել էր, որ այդ հարցը Հայաստանի իրավասությունն է։ Նա նշել էր, որ Ռուսաստանը բավարարված է Մոսկավում Հայաստանի գործող դեսպանի աշխատանքով, որը զգալի ավանդ ունի երկկողմ հարաբերություններում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1–ին աշխատանքային այցով այցելել էր Բելգորոդում, որտեղ մայիսի 12–ին շենք էր փլուզվել ուկրաինական կողմի գնդակոծությունից։ Նա հայտարարել էր, որ երկու երկրի հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։

 Ուշագրավ
---