«Լեռնցիների պարը» արձանախումբը «Դվինի» մոտից կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված

«Լեռնցիների պարը» արձանախումբը «Դվինի» մոտից կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված

PanARMENIAN.Net - «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով` Մերգելյանի այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտվել արձանախմբի տեղափոխությունից հետո, հայտնում է Sputnik Արմենիան։

Քաղաքապետն ընդգծել է, որ կարևոր է արձանախմբի տեղափոխման ընթացքը գրագետ ապահովել, ինչի համար նաև կառավարության համապատասխան որոշման անհրաժեշտություն կլինի։

Ավինյանին զեկուցվել է, որ նախագիծը ՏԿԵՆ է ուղարկվել, շահագրգիռ մարմինների կարծիքներից հետո շտկումներ են արվել, ապա նախագիծը նորից ուղարկվել է ՏԿԵՆ։

«Կարծում եմ՝ սեպտեմբերին կարող ենք ծառատունկ իրականացնել, դրանով էլ կարելի է այգու բացումն ազդարարել»,- ասել է Ավինյանը։

Տարեսկզբից Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մհեր Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներ են ընթանում։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---