Ուս.տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Ուս.տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

PanARMENIAN.Net - 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները:

2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով։ Այդ դասարաններում սովորելու է մոտ 252,760 աշակերտ։

2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409,996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34,780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը:

Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42,000 աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:

Սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։

2024 թվականի սեպտեմբերից մոտ 1535 երեխա կհաճախի շինարարությունն ավարտված 12 նոր մանկապարտեզ: 2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել է 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---