Փաշինյանը Կիրանցում ասել է` գյուղում դպրոց գնալը երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան այսօր![]() 3 սեպտեմբերի 2024 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2–ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոց: Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Փաշինյանն ասել է, որ Կիրանցում դպրոց գնալն երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով: «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,–ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է: Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը գտնվում է թշնամու հետ սահմանից ընդամենը 40 մետր հեռավորության վրա։ Կան աշակերտներ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղի դպրոց, քանզի ծնողներն անվտանգ չեն համարում թշնամու նշանառության տակ գտնվող դպրոցում դասապրոցես կազմակերպելը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |