Քաղաքապետարանը Կասկադի ավարտական տեսքի 2 տարբերակ է ներկայացրել․ Կարելի է քվեարկել

Քաղաքապետարանը Կասկադի ավարտական տեսքի 2 տարբերակ է ներկայացրել․ Կարելի է քվեարկել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Կասկադ համալիրի ավարտական տեսքի 2 տարբերակ է ներկայացրել, որոնց օգտին կարելի է քվեարկել։

«Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար, հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը»,- ասված է հաղորդագրությունում։

Առաջին տարբերակ․ ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։

«Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։

Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվելու է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ»,–ասվում է նկարագրության մեջ:

Երկրորդ տարբերակ՝ «Նոր Կասկադ» նախագիծ.

«Նոր Կասկադ» նախագիծը, ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին:

«Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը:

«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով, սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ:

Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար»,–ասվում է նկարագրության մեջ։

Քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 29–ը։ Առայժմ ավելի շատ ձայն է ստացել 2–րդ տարբերակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---