Կոպիրկինն ասել է, իբր ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում»

Կոպիրկինն ասել է, իբր ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում»

PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ «մշտադիտարկման քողի տակ հետախուզական տվյալներ հավաքում ՌԴ–ին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար»։ Այդ մասին դեսպանն ասել է «Սոյուզնիկի․ ՕԴԿԲ» կայքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները։

«Դրսից ոչ ոք խաղաղություն ու բարգավաճում չի բերի մեր տուն։ Եթե խոսում ենք տարածաշրջանային տևական անվտանգության, կայունության և սոցիալ–տնտեսական զարգացման մասին, ապա հավաքական Արևմուտքի նպատակները դրան բոլորովին չեն համապատասխանում, քանի որ նրա նպատակը տարածաշրջանի ռազմականացումն է և այնտեղ ԵՄ ու ՆԱՏՕ–ի ռազմաքաղաքական ազդեցության աճը»,–ասել է Կոպիրկինը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին մեղմվել, եթե 2022–ի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ։

«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր մեղմել, եթե 2022–ի սեպտեմբերին Երևանը համաձյնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված մի շարք միջոցների վերաբերյալ ՀԱՊԿ առաջարկին։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, ներառյալ ռազմատեխնիկական օգնությունը, դիտորդական առաքելության գործուղումը, աջակցությունը սահմանապահ զորքերի ուսուցմանը։ Ցավոք, ՀՀ ղեկավարությունը գերադասեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին չի պաշտպանում պետության սահմանները, այլ հետախուազական տվյալներ է հավաքում ՌԴ, Ադրբեջանի և Իրանի դեմ»,–ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը։

Վերջին օրերին Բաքվից հայտարարություններ են հնչում, թե պետք է կասեցնել ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն այլևս առաքելության գործունեության անհրաժեշտություն չի տեսնում՝ պատճառաբանելով դա նրանով, որ Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

 Ուշագրավ
---