Ավանեսյան․ ՀՀ–ում Արևմտյան Նեղոսի տենդի 108 դեպք կա, նվազման տեմպը բավարար չէ

Ավանեսյան․ ՀՀ–ում Արևմտյան Նեղոսի տենդի 108 դեպք կա, նվազման տեմպը բավարար չէ

PanARMENIAN.Net - Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը դեռ բավարար չէ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք դեպքերի նվազումը»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ավանեսյանի խոսքով, իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դեպքերը երկար տարիներ չէին գրանցվել։

«Ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, հակառակը՝ նվազի»,- նշել է նա։

Անդրադառնալով նախօրեին տարածված տեղեկատվությանն Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդի պատճառով երեք մահվան մասին՝ նա ասել է. «Նախ երեք չէ, երկու դեպքի մասին է խոսքը։ Ուրբաթ օրերն ենք մեր տեղեկատվությունը հրապարակում։ Այդ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի և վաղը ՀՎԿԱԿ-ը կհրապարակի ամփոփ տվյալները»։

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ցանցերի միջոցով պետք է պաշտպանվել մոծակներից, մարզային իշխանությունների, համապատասխան կառույցների հետ աշխատում ենք ջրամբարների և նման տարածքներում որոշակի հակահամաճարակային միջոցներ կիրառելու մասով։

«Նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ըստ համաճարակաբանական վիճակի»,–ասել է նա։

Ավանեսյանի ներկայացմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմության բարձրացում, նյարդաբանական որոշակի խնդիրներ, գիտակցության մթագնում։

«Հիվանդների 80 տոկոսի մոտ հիվանդությունն անախտանիշ է ընթանում։ Միայն 20 տոկոսի մոտ դիտվում են որոշակի սիմպտոմներ, կարող են լինել բարդացումներ, ինչը տեսնում ենք տարեց անձանց մոտ»,- ասել է նա։

Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---