ՄԻՊ. Ադրբեջանում էթնիկ հայերին չեն կարող անկողմնակալ դատել

ՄԻՊ. Ադրբեջանում էթնիկ հայերին չեն կարող անկողմնակալ դատել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ, ինչն էլ ՄԻՊ-ը խորհրդապահական կարգով ներկայացրել է միջազգային գործընկերներին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։

Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցած գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ գերիների հետ կապված հարցը ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում ներառված չէ և իրենք հարցին անդրադառնում են մարդու իրավունքների ընդհանուր սկզբունքները և արժեքները նկատի ունենալով, հայտնում է Aysor.am-ը։

«Նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերելի են անմեղության կանխավարկածին, որոնք մենք էինք բացահայտել և կիսել միջազգային տարբեր գործընկերների հետ, այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից այս գործընթացն իրավունքի սկզբունքներին չեն համապատասխանում»,-ասել է նա։

Պաշտպանը նաև նշել է, որ կարևոր է հարցի քաղաքական ասպեկտը։

«Բոլորս ենք հասկանում, որ սրանք միայն իրավական հարթությունում լուծման ենթակա հարցեր չեն»,–ասել է նա։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
---