ԻԻՀ ԱԳՆ․ Հարևանների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար

ԻԻՀ ԱԳՆ․ Հարևանների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար

PanARMENIAN.Net - Իրանը կրկին հայտարարել է, որ հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իր համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին:

Նա նշել է, որ սահմանների վերագծումը նույնպես բացարձակապես անընդունելի է։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը լոկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են: Ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից, կամ սահմանների ցանկացած փոփոխություն բացարձակապես անընդունելի է, կարմիր գիծ է Իրանի համար»,- ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 3–ին Իրանի ԱԳՆ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է ՌԴ դեսպանի հետ։ Ըստ հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին, ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28–ին, մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը, ասել էր, որ երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---