Ինքնագլոր վարելու կարգը խախտելու համար տուգանքներ կսահմանվեն

Ինքնագլոր վարելու կարգը խախտելու համար տուգանքներ կսահմանվեն

PanARMENIAN.Net - Ինքնագլոր վարելու կարգը խախտելու համար տուգանքներ կսահմանվեն` oրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների գործունեությունը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ սահմանվել են նման փոխադրամիջոցների բնութագրերը և հնարավոր սահամանափակումները: Ըստ այդմ՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանվելու են համայքի ավագանու կողմից:

Ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մասնավորապես, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Համբարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներով բոլոր հիմնական ռիսկերը հնարավորինս հասցեագրվել են: Տուգանքների չափերը սահմանելիս՝ կիրառվել է բալանսավորված մոտեցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---