ԱԺ նախագահ․ Գերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ

ԱԺ նախագահ․ Գերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցություններն ընդգրկված են բոլոր ֆորմատներում։ Այս հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ»,– նշել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ գերիների հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են լուծել գերիների և պատանդների վերադարձի խնդիրը։ ՀՀ ԱԺ նախագահի համար այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե արդյոք Ռուսաստանը և Ադրբեջանը չեն պատրաստվում հետ վերցնել իրենց ստորագրությունները նոյեմբերյան փաստաթղթից:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ գերիների հարցը որպես նախապայման դիտարկվի COP29-ին Հայաստանի մասնակցության համար, Սիմոնյանը պատասխանել է՝ շեշտելով, որ Ադրբեջանը չէ այդ համաժողովի հրավիրող կողմը։ Նա ընդգծել է, որ դա ՄԱԿ–ի միջոցառում է, բայց միևնույն է` պետք է հասկանալ՝ արդյոք Հայաստանի մասնակցությունը տեղին է, թե ոչ։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
---