Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում![]() 18 սեպտեմբերի 2024 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մասին, անդրադարձել է նաև անվտանգային միջավայրին կարճաժամկետ և երկարաժամկետ առումով։ Անդրադառնալով Թուրքիային՝ նա նշել է, որ Անկարայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատում։ «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ցամաքային սահմանի բացում անենք։ Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,– նշել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ այդ հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք դեռ զգալի արդյունքներ չեն արձանագրել, սակայն կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։ Վարչապետը նշել է, որ Իրանի և Վրաստանի պարագայում հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են և այստեղ երկարաժամկետ հատվածում հակամարտության որևէ պոտենցիալ չկա։ Երևանն ու Անկարան 2021–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և մարդասիրական օգնության երկու խմբաքանակ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |