ՀՀ–ն և Եվրաջասթը պայմանավորվածություն են ստորագրել. ՀՀ-ն Համագործակցության հարցերով դատախազ կունենա![]() 23 սեպտեմբերի 2024 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Եվրաջասթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը: «Այսօր մենք ամփոփում ենք Եվրաջասթի հետ համաձայնագրի կարևորագույն փուլը, այսինքն՝ մենք ունենք հողի վրա աշխատանքների իրականացման բուն գործընթաց: Սրանով մեր անդրազգային հանցավորության դեմ պայքարը բերում ենք մի նոր մակարդակի: Դա նշանակում է համագործակցություն առաջատար կառույցների, պայքար հանցավորության դեմ լրիվ նոր գործիքակազմով»,–ասել է Գրիգոր Մինասյանը, հայտնում է Արմենպրեսը։ Ըստ նրա՝ այս փաստաթուղթը դատաիրավական բարեփոխումների շրջանակում ապացույցն է, թե կառավարությունն ինչքան աշխատանք է իրականացրել: Ըստ նախարարի՝ եվրոպական կառույցների հետ աշխատանքների հաստատման տարի էր: Դրանք ապացուցում են, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ իրականացնել աշխատանք, որը միտված է դատաիրավական համակարգը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցմանը, տալիս է իր արդյունքը: «Այս համաձայնագրի կիզակետն է տվյալների փոխանակումը: Մեր գործընկերները, բոլոր գերատեսչությունները պետք է այս նոր նշաձողին ձգտեն, այսինքն՝ մեր տվյալները, բազան այնպիսի չափանիշների համապատասխանեցնենք, որ դրա փոխանցումը լինի գերպաշտպանված և ապահովված»,–ասել է նախարարը: Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա: Փաստաթուղթը կարգավորում է Համագործակցության հարցերով դատախազի գործուղման, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես՝ Եվրաջասթի Կոլեգիայի նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, դասընթացներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին վերջինիս մասնակցության հետ կապված հարցերը:Ստորագրումից հետո Գլխավոր դատախազության հետ սկսվելու է դատախազի ընտրության թափանցիկ գործընթաց: Մինասյանը կարևորել է, որ դատախազը, որը ներկայացնելու է Հայաստանը, լինի կատարյալ, օրինակելի դատախազ: «Այսօր դուք դառնում եք Եվրաջասթի՝ Եվրոպական միության անդամ չհանդիսացող 14-րդ անդամը, և սա նշանակում է նաև, որ դուք կարող եք գործուղել համակարգող կամ կադրերի համար պատասխանատու դատախազի մեր գլխավոր շտաբ՝ Հաագա»,–ասել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |