Պաշտպանության ոլորտի ծախսերը 2025–ին կավելանան մոտ 111 մլրդ դրամով

Պաշտպանության ոլորտի ծախսերը 2025–ին կավելանան մոտ 111 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է 2025-ին ավելացել մոտ 111 միլիարդ դրամով։ Այդ մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում։

Պաշտպանության նախարարության 2025թ. ծախսերը նախատեսվում է իրականացնել 5 ծրագրի շրջանակում. դրանց գծով պետական բյուջեով նախատեսվում է 664 միլիարդ 653 միլիոն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 256 միլիարդ 970 միլիոն դրամ կամ 38.7 տոկոս, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով 407 միլիարդ 683 միլիոն դրամ կամ 61.3 տոկոս, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ նախագծի՝ ծախսերի աճը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 110 միլիարդ 755 միլիոն դրամ:

«ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագիրը ՀՀ ՊՆ համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիրն է, որի շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 660 միլիարդ 912 միլիոն դրամ` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից 110 միլիարդ 981 միլիոն դրամով ավել։

«Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ» ծրագրի գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 406 միլիոն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ:

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 941.6 միլիոն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը:

Ծախսերը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել են 121.5 միլիոն դրամով` պայմանավորված գործուղված կցորդների ընտանիքի անդամների թվի փոփոխությամբ, նոր նշանակումներով և կցորդների ու ներկայացուցիչների ռոտացիոն ծախսերի փոփոխությամբ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումների պլանավորում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 321.1 միլիոն դրամ:

 Ուշագրավ
---