Էրդողան․ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում

Էրդողան․ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։

«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում։

«Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը, հայտնում է «Ազատությունը»։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերն աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն՝ շեշտելով՝ երկու կողմն էլ իրականում խաղաղության կողմնակից են։

«Ադրբեջանը նման սպասումներ ու ձգտումներ ունի։ Նման սպասումներ կան նաև Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա»,- ընդգծել է Էրդողանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---