ՀՀ նախագահը, ԱԺ խոսնակը, այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

ՀՀ նախագահը, ԱԺ խոսնակը, այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարարը և կառավարության մյուս անդամները առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի գագաթնաժողովին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դա իր համար շատ զգացմունքային թեմա է, և իր համար դժվար է խոսել այդ մասին, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ Եռաբլուրը մի վայր է, որը պետք է հիշեցնի ավելի ուժեղ բանակի և պետականության անհրաժեշտության մասին:

«Այսօր խորհրդանշական օր է, սակայն ուզում եմ ասել, որ տարվա ընթացքում Եռաբլուր հաճախ եմ այցելում»,– հավելել է նա:

Նրանցից առանձին Եռաբլուր են այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի այլ ներկայացուցիչներ, այդ թվում` Արցախի Դադիվանքի նախկին վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: ՀՀ իշխանությունների հետ որևէ համագործակցության բացակայության պատճառով նույնիսկ այս ողբերգական օրը Արցախի պատվիրակությունն առանձին էր եկել Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել, Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մասնակցել պատարագի։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններ սանձազերծեց Թուրքիայի աջակցությամբ և լայնածավալ ագրեսիա սկսեց շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։ Երկու կողմը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը տվել է 3830 զոհ։

Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որով Ադրբեջանին անցան Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---