Օվերչուկ․ ՀՀ-ն պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից

Օվերչուկ․ ՀՀ-ն պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը ՀՀ և Ադրբեջնի միջև, հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը 2020–ին ստորագրել են Մոսկվան, Բաքուն և Երևանը, և որը թույլ է տվել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում, սակայն, միևնույն ժամանակ արդեն 1․5 տարի է, ինչ առաջընթաց չկա տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

Օվերչուկը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի մասով առաջընթաց գրեթե չկա երկու տարի կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած տարվա ամառվանից»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀՀ ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Նա ընդգծել էր, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։

Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---