ԲՏԱ նախարարին ներկայացվել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը![]() 16 հոկտեմբերի 2024 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները։ Նախարարը «Բազումքի» համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել լաբորատորիայի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու հեռահար նպատակները։ Անդրադարձ է կատարվել լաբորատորիայի առաջին առաքելության՝ «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված երկարաժամկետ պլաններին: Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը: Նախարարին ներկայացվել է նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլգիաների վրա: Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրել են DeepSat-ի գործունեությունը, տեսլականն ու լուծումները: Այս համատեքստում ընկերությունից նշել են Հայաստանի տիեզերական ռազմավարության մեջ VLEO-ն ընդգծելու կարևորության մասին: Հայրապետյանը կարևորել է «Բազումքի» գործունեությունը Հայաստանի համար, պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ուղղված տեխնոլոգիաների ու նորարարության զարգացմանն ու առաջընթացին։ Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է: Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն համագործակցելու տիեզերական ոլորտի ռազմավարության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու ուղղությամբ: «Հայասաթ-1»--ը հայրենական առաջին տիեզերական արբանյակն է, որը ստեղծվել է 2022 թվականին, Հայաստանում։ Այն ստեղծվել է «Բազումքի» և «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի»՝ «Center for Scientific Innovation and Education»-ի հայ գիտնականների և ինժեներների կողմից (Մասիս Կումրիգյան, Ավետիք Գրիգորյան, Հայկ Մարտիրոսյան և այլք)։ «Հայասաթ-1»-ը տիեզերք է բարձրանալու SpaceX-ի SmallSat Rideshare ծրագրի շրջանակում իրականացվող «Transporter 9» առաքելության ժամանակ, Falcon-9 հրթիռով։ Այն տիեզերք կբարձրացնի տարբեր ընկերությունների փոքր արբանյակներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |