Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը 85 տարեկան է

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի երգերը թեւավոր են, նրանք լքում են իրենց արարչին առաջին իսկ կատարումից հետո:



«Դո՞ւ ես գրել այդ երգը: Եվս այդպիսի մեկ երգ եւ հանգիստ եղիր`կհռչակվես»,-ժամանակին այս խոսքերն է ասել Հովհաննես Շիրազը այն ժամանակ դեռ անհայտ երգահան Վլադիլեն Բալյանին, որի 85-ամյակը նշվել է այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն-թանգարանում:



Իսկ Շիրազի խոսքերով գրված «Սերս գաղտնի թող մնա» երգի երաժշտությունը շատ տարիներ ժողովրդական է համարվել: Այսօր էլ հայերի մեծամասնությունը գիտի եւ կատարում է այդ երգը: Երգահանի հոբելյանին նվիրված միջոցառմանը երգին ձայնակցում էին բոլոր ներկա գտնվողները, այդ թվում նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



«Ի դեմս Վ.Բալյանի Հայաստանն ունի ոչ միայն երգահանի, այլ նաեւ մի մարդու, որն ուղղակի լի է կառուցողական գաղափարներով եւ տարին մեկ անգամ ներկայացնում է դրանք մշակույթի նախարարությանը: Մենք միշտ ուրախ ենք համագործակցել Վ.Բալյանի հետ»,-հավաստիացրել է ՀՀ մշակույթի նախարարը:



Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Վ.Բալյանն արդեն վաղուց ի վեր համաժողովրդական ճանաչում է ստացել եւ առաջացրել է բազում մարդկանց անկեղծ հիացմունքը, այդ թվում նաեւ Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրաիլ Ժաարայի, որը, շնորհավորելով հոբելյարին, ասել է. «Վ.Բալյանից է սկսվում Հայաստանի անհունությունը, որը պետք է երջանիկ ու հպարտ լինի նման մարդու աշխատանքով»:



Վ.Բալյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ընդգծել է.«Իմ երգերն անխղճորեն լքում են ինձ, դառնալով ժողովրդի սեփականությունը: Դրանում կա նաեւ շատ կատարողների ավանդը` Օֆելիա Համբարձումյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Վարդուհի Խաչատրյանի, Հովհաննես Բադալյանի եւ շատ ուրիշների: Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօր կան երիտասարդ երգիչներ, որոնք հաճույքով ու բարձր մասնագիտական մակարդակով են կատարում իմ երգերը»:



Կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924թ. Երեւանում: 1952-54թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն, 1955-61թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը, 1994-65թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրեն, 1966-72թթ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը: 5 տարի, 1981թ. ի վեր եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավար:



Վ.Բալյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում: Նա սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործությունների, ինչպես նաեւ բազում երգերի հեղինակ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---