ԱՄՆ նախագահի ընտրություններում կարող է քվեարկել մոտ 1 մլն հայ․ Հայ դատը պաշտոնապես չի սատարում որևէ թեկնածուի

ԱՄՆ նախագահի ընտրություններում կարող է քվեարկել մոտ 1 մլն հայ․ Հայ դատը պաշտոնապես չի սատարում որևէ թեկնածուի

PanARMENIAN.Net - Ավելի քան 1 միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։

Դոնալդ Թրամփն չէր կարող անարձագանք թողնել Հարիսի քայլը, և հանրապետական գործիչը բարձրացրեց խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ, ինչպես ցանկանում է լսել հայկական արմատներով ամերիկյան ընտրազանգվածը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- իրեն պատկանող Truth սոցհարթակում մոտ տաս օր առաջ գրել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում են՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Թրամփն ԱՄՆ նախագահն էր, երբ պատերազմը սկսվեց։ Մերոնք գնացին նրա հանրահավաքներին։ Խնդրում էին, օգնություն էին խնդրում։ Բացի հրադադարի կոչերից ոչինչ չարվեց։ Եվ մենք կորցրինք Արցախը»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

2020 թվականին Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով օգնություն տրամադրել Ղարաբաղի իրենց հայրենակիցներին։ Մասնակցում էին Թրամփին աջակցող ցույցերին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը։

«Ամերիկահայերը հիասթափված են երկու վարչակազմերից էլ։ Մեկը չդադարեցրեց պատերազմը, երկրորդը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ադրբեջանական կողմին։ Կարծում եմ՝ այժմ հայերն իրենց ընտրությունը կկատարեն հօգուտ այն թեկնածուի, ով կբարելավի իրենց կյանքը Ամերիկայում»,- ասել է Ջեք Հաճինյանը։

Ինչևէ, Ամերիկայում մեկ միլիոնից ավելի հայեր ընտրելու իրավունք ունեն. Նրանց մեծ մասն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ ավանդաբար հաղթում են դեմոկրատները։ Բայց հայերը բնակվում են նաև տատանվող նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս տարի հայտարարել է, որ պաշտոնապես չի սատարում ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---