Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով․ ՀՀ–ում նման պացիենտների թիվը մոտ 114,000 է

Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով․ ՀՀ–ում նման պացիենտների թիվը մոտ 114,000 է

PanARMENIAN.Net - Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով։ Որպես կանոն, շաքարային դիաբետի տիպ 2-ը, տեսանելի որևէ դրսևորման բացակայության պատճառով, երկար ժամանակ մնում է չախտորոշված:

2023 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է մոտ 114,000 մարդ, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են`ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն, մշտական ծարավի և քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում:

Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Հայաստանում իրականացվում են մի շարք միջոցառումներ`

- Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն:

- Շաքարային դիաբետի դեղերը շահառուներին հատկացվում են անվճար:

- Մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով երեխաների արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում նաև` դիսպանսեր հսկողությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

- «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում հաշվառված մինչև 22 տարեկանը ներառյալ դիաբետով պացիենտներին անվճար տրամադրվում են ինսուլին և ինսուլինային ներարկիչները` ըստ պահանջարկի, նաև արյան մեջ գլուկոզայի քանակը չափող սարքերի թեստ-երիզներ:

- Մշակվել և հաստատվել են «2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը, ինչպես նաև շաքարային դիաբետով պացիենտների վարման գործելակարգերը, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ներզատաբանների, սրտաբանների համար:

Շաքարային դիաբետի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մասնագետները հորդորում են`վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ:

Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի և հիշել, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---