Թունբերգ․ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում![]() 14 նոյեմբերի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։ Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում, հայտնում է «Ազատությունը»։ «Այդ տանջանքները, ճնշումներն արդարացում չունեն, իսկ աշխարհը լուռ է», - ասել է բնապահպանը։ Թունբերգը Հայաստան ժամանելով հայտարարել է, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը։ Նոյեմբերի 15–ին նա COP29-ի թեմայով բողոքի ակցիա է անցկացնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Գրետա Թունբերգի կողմից կազմակերպված բողոքի ցույցի կապակցությամբ և դեռսև չի հասցրել արձագանքել նրա հայաստանյան ելույթին։ BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե երկրում մարդու իրավունքները լիովին պաշտպանված են, հայտնում է Factor.am-ը։ «Ընդհանուր առմամբ, անընդունելի է ադրբեջանա-հայկական անցյալ հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»,- հայտարարել է Հաջիզադեն։ Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, որտեղ տասնյակ ցուցարարներ քննադատել էին Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու համար Թբիլիսիում Թունբերգը քննադատել էր Բաքվում COP-ի անցկացումը, իսկ Ադրբեջանը բնութագրել որպես «ռեպրեսիվ, օկուպացիոն պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է ճնշել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը»։ Նա Ադրբեջանին մեղադրել է գագաթնաժողովը որպես «իր հանցագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու հնարավորություն» օգտագործելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |