Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ![]() 15 նոյեմբերի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023-ի դափնեկիր, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 15-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ` Հայաստանում այցով գտնվող Նարայանա Մուրտին կստանա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում վաստակած մրցանակը։ Viva-ն 14 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է։ Մամուլի ասուլիսին մասնակցում էին մրցանակի դափնեկիրը՝ Նարայանա Մուրտին, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Ներկաներին ողջունել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «Ուրախ եմ ողջունելու պարոն Նարայանա Մուրտիին մեր ընկերությունում: Պարոն Մուրտին բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է։ «Infosys»-ը ծրագրային ապահովման ծառայությունների համաշխարհային առաջատար է, որի համբավը ծրագրային ապահովման, ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում անհերքելի է: Viva-ն մշտապես աջակցում է մեր երկրի ՏՏ ոլորտին․ ընկերությունը 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է: Հայաստանում տարեցտարի ավելանում է տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվը, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի ներուժի մասին։ Այսօրվա հանդիպումը հիանալի հնարավորություն է այս ներուժի առկայությունը ևս մեկ անգամ արձանագրելու և ապագայի մեր տեսլականը վերանայելու և վերաիմաստավորելու համար: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս կարևոր նախաձեռնությանը, և վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում», - ասել է Ավետիսյանը։ «Մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական մրցանակ և այն հանձնել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման վրա։ Մեր նպատակն է գիտելիքահենք, տեխնոլոգիական նորարար լուծումների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու առաջընթացը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում։ Եվ յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի հսկաներին, մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական հաբ։ Նարայանա Մուրտիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ, Նարայանա Մուրտիի հետ հանդիպումներից հետո այդ երիտասարդների թիվը մեր երկրում ավելանալու է՝ ոգեշնչվելով նրա խոսքով, հեղինակությամբ ու ձեռքբերումներով»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է ՏՀՏ ոլորտի լեգենդներին։ Մեր տվյալներով, Հայաստանը միակ երկիրն է, որը մեծարում է ՏՀՏ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Ինչպես ասել է մրցանակաբաշխության երկրորդ դափնեկիր Սթիվ Վոզնյակը․ «Այս մրցանակը ՏՀՏ ոլորտի Նոբելյան մրցանակն է», ինչը մեզ մի կողմից շատ ոգևորում է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն է: Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանը աշխարհում ներկայացնել որպես մի երկիր, որը մեծարում է միջազգային տեխնոլոգիական լեգենդներին»,- ասել է «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, որը բոլորին ներկայացրել է Մուրտիի կենսագրությունը։ Նարայանա Մուրտին Հնդկաստանի ՏՏ հեղափոխության մեջ առանցքային դեր է ունեցել: Նա իր տեսլականով, առաջնորդությամբ և բացառիկ ձգտումով Infosys-ը վերածել է բարձր նորարար ծրագրային ծառայություններ առաջարկող համաշխարհային ընկերության, որը 2024թ. փետրվարի դրությամբ Նյու Յորքի և Բոմբեյի (Մումբայի) ֆոնդային բորսաներում ցուցակագրված է մոտավորապես 18 մլրդ դոլար եկամուտով և ունի 82.87 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Նարայանա Մուրտին մեծացել է համեստ միջավայրում, սակայն դարձել է իրական առաջնորդ և համաշխարհային շուկայի դռները բացել Հնդկաստանի բազմաթիվ տաղանդավոր մարդկանց առջև։ 2014 թվականին, Մուրտին CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ Fortune ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին The Economist-ը Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է The Financial Times-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։ «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր Նարայանա Մուրտին։ 2024 թվականի նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ և հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային: Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 14-րդ դափնեկիրը՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․ -Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010) -Ստիվ Վոզնյակ` Apple Computer կորպորացիայի համահիմնադիր (2011) -Ֆեդերիկո Ֆաջին` Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012) -Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013) -Մարիո Մացցոլա` Cisco systems ընկերության Զարգացման գծով նախագահ (2014) -Եվգենի Կասպերսկի` Kaspersky Lab ընկերության Գլխավոր տնօրեն (2015) -Լուի Պուզեն` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը (2016) -Թոնի Ֆադել` «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «iPod» ապրանքանիշի ստեղծող (2017) -Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր (2018) -Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019) -Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համատնօրեն (2020) -Լեոն Ստոկ՝ IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2021) -Շանթանու Նարայեն՝ Adobe ընկերության նախագահ (2022) ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |