Կոնջորյան․ Պաշտոնանկությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից![]() 18 նոյեմբերի 2024 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին, ասել է, որ դրանք պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից: Նա այդպես է պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ փոփոխությունները կապված են համատարած դժգոհությունների հետ, ինչպես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ դրանք նախընտրական քայլեր են, ինչպես պնդում է ընդդիմությունը, հայտնում է Արմենպրեսը։ Կոնջորյանն ասել է, որ այս հարցին պետք է նայել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե ներքաղաքական կամ իմիջային գործընթացների համատեքստում։ «Վարչապետն այսօր ևս գրառում է արել այդ մասով։ Վստահ եմ, որ նոյեմբերի 15-ի կառավարության նիստին հետևել եք։ Վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումներն ու դժգոհությունները։ Նա հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու և այդ որոշումները կայացրել է։ Այնպես որ, որևէ բան անակնկալ չէ, և որևէ բան նոր չէ»,- ասել է Կոնջորյանը։ Կոնջորյանը շեշտել է, որ բազմիցս վարչապետն ու կառավարող ուժը բարձրաձայնել են դատաիրավական համակարգի վերաբերյալ հարցերը։ «Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և չափազանց կարևոր է, որ այս պահանջը էմոցիոնալից վերածվի ինստիտուցիոնալ իրողության։ Այս մասով կան իրականացված գործեր, բայց նաև՝ բացթողումներ և չարված գործեր։ Այս փոփոխությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից»,- ընդգծել է նա։ Կոնջորյանը նաև հերքել է այն պնդումները, թե պաշտոնանկություններն ունեն նախընտրական ենթատեքստ։ Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |