ՔՊ-ական Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

ՔՊ-ական Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հակիրճ ներկայացրել է իր կատարած աշխատանքն այս տարիների ընթացքում։

«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում.

2019-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։

Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները։

Լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պատրաստվում է մանդատը վայր դնել, շրջանառվում էին այն պահից, երբ հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգի որոշ կառույցների ղեկավարներ հրաժարակն են ներկայացրել, որոնց հաջորդեցին նրանց պաշտոնանկությունները։ Նմանատիպ լուրեր էին շրջանառվում նաև ԱԺ մեկ այլ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ։

Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։

 Ուշագրավ
---