Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին

Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին

PanARMENIAN.Net - Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով, հայտնում է «Ազատությունը»։

Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն նոյեմբերի 28–ին իրենց կամքով ներկայացել են դատական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան:

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները`ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

2018-ի հեղափոխությունից հետո Քոչարյանին և մյուսներին Մարտի 1–ի իրադարձությունների առնչությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր, որ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---