Մայիսին Խորվաթիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան տիկին Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցը (նստավայրը` Աթենք):



Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանը:



Նշելով, որ Հայաստանը հետաքրքված է հայ-խորվաթական բարեկամական հարաբերությունների խորացմամբ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի առաջիկա /ս.թ մայիսի 21-23/ պաշտոնական այցը Հայաստան, անկասկած, վկայում է համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու երկուստեք ցանկության մասին: Կողմերը համակարծիք են եղել, որ այցը լուրջ խթան կլինի քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար: Սերժ Սարգսյանը տնտեսական կապերի աշխուժացման տեսանկյունից առաջնահերթ կարեւորություն է տվել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը Եվրամիության նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակում:



Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներում մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Խորվաթիայի դրսեւորած հավասարակշիռ դիրքորոշման համար: Դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցն ասել է, որ իր երկիրը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---