Վրաստանի ԱԳ փոխնախարարն ու 5 դեսպան հրաժարական են տվել բողոքի ցույցերի ֆոնին

Վրաստանի ԱԳ փոխնախարարն ու 5 դեսպան հրաժարական են տվել բողոքի ցույցերի ֆոնին

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան և 5 դեսպան հրաժարական են տվել բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ Վրաստանը մինչև 2028թ․ դադարեցնում ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունները, գրում է The Moscow Times-ը։

Դեկտեմբերի 1-ին Կոբախիձեն հաստատել է, որ ԱՄՆ-ում դեսպան Դավիթ Զալկալիանիի և փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարական են ներկայացրել։ Նույն օրը Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն X-ում հայտարարել է, որ «Վրաստանը Եվրոպա է», և լքել պաշտոնը։

«Ինձ համար մեծ պատիվ էր մեկ տասնամյակից ավելի ծառայել Վրաստանի շահերին՝ նպաստելով նրա ինքնիշխանությանը և եվրաատլանտյան նկրտումներին»,- գրել է դիվանագետը։

Նոյեմբերի 30-ին հրաժարականի մասին հայտարարել էին Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան և Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան, իսկ նոյեմբերի 29-ին՝ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին։

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։ Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս։

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ Վրաստանի իշխանությունները խախտել են դրա գլխավոր սկզբունքները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Վաշինգտոնը դատապարտել է ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, որոնք «ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---